«Վանակն» ավանդական պարի խումբը ստեղծվել է 2022 թվականին։ Խմբի հիմնադիրն ու պարուսույցը «Կարին» ավանդական երգի-պարի խմբի սան Անդրանիկ Բաղդասարյանն է։
Ինչու՞ «Վանակն»
Բարձր լեռներում առաջացող բյուրեղային կուտակում է վանակնը։ Միջնադարյան հայերն են լեռնաբյուրեղին տվել վանակն անվանումը, որը նշանակում է Վանի քար։ Առավել հայտնի արդյունահանման վայրն էլ գտնվել է Վանա լճի շրջակայքում։ Վանակնի բյուրեղները շատ մաքուր են ու թափանցիկ, նույնիսկ այնքան, որ երբեմն ալմաստի հետ են համեմատում։ Հնում այս մոգական քարը համարել են գերբնական էներգիայի գաղտնարան։ Հաշվի առնելով ազգագրական պարերի մաքրությունն ու թափանցիկությունը և նրանց փոխանցած անասելի հզոր էներգիան՝ խումբն անվանվել է «Վանակն»՝ իր շուրջը համախմբելով այն երիտասարդներին, ովքեր սովորում են իրենց պապերից ժառանգած ավանդական պարերը, ուսումնասիրում դրանց բովանդակային ու ծագումնաբանական հարցերը և մեծ պատասխանատվությամբ, մաքուր ու թափանցիկ ձևով շարունակում են փոխանցել հաջորդ սերունդներին։ Ինչպես վանակնի բյուրեղներն են ձևավորվել հազարամյակների ընթացքում, կարծրացել ու պահպանվել իրենց կատարելության շնորհիվ, այնպես էլ հայ ավանդական պարերն են իրենց կատարելության շնորհիվ տարիների ընթացքում բյուրեղացել ու հասել մեզ։
Ավանդական պարն է անցյալի հետ կապը պահելու և ազգային ակունքներին հաղորդակից դառնալու լավագույն ճանապարհը։ Պարն ազգի հայելին է, որտեղ կարելի է տեսնել ազգի պատմությունը, անցած ճանապարհը, հոգեբանությունը, կամքը, ոգին․․․